Մարիամ Մնացականյան
Մարիամ Մնացականյանը ծնվել է Հայաստանում, աշխատել է Ռուսաստանում։
2016 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵԹԿՊԻ թատրոնի ռեժիսուրայի բաժինը։ Նույն թվականին նրա բեմադրած Գ. Գ. Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրաման Արտ Փեստ միջազգային երիտասարդական բաց փառատոնում հաղթել է «Լավագույն ուսանողական բեմադրություն» անվանակարգում։ 2019 թվականին ներկայացումը ներկայացվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի «Աբիշ Ալեմի» միջազգային թատերական փառատոնում և արժանացել երկրորդ մրցանակին։
2016թ. սեպտեմբերին տեղափոխվելով Մոսկվա՝ Մարիամը աշխատանքի է անցել Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Ներսես Շնորհալու անվան «Հայորդյաց տանն»։ «Գավիթ» թատրոնում բեմադրել է «Թումանյանի հեքիաթները» ներկայացումը, որը մինչ օրս ընդգրկված է թատրոնի խաղացանկում։ Զուգահեռ դասավանդել է մի շարք համայնքային դպրոցներում և թատերական ստուդիաներում՝ ուսուցանելով թատերարվեստ, հայոց լեզու և հայրենագիտություն։
2020 թվականից Մարիամը հիմնադրել և ղեկավարում է «Գտնված Երազ» կրթամշակութային կենտրոնը՝ Կրասնոգորսկում և Մոսկվայում։
2025 թվականին Անապայում կայացած «Արտաշունչ» թատերական փառատոնում նրա աշխատանքը արժանացել է Գրան Պրի մրցանակին։
2024–2025 թթ. «Սփյուռքի ուսուցիչների համահայկական ասոցիացիայի» հետ համագործակցությամբ կազմակերպել է «Հեքիաթները բարբառներով» առաջին համահայկական մրցույթ-փառատոնը։
Նույն տարիներին ստեղծել և ղեկավարել է «Գնանք թատրոն» ծրագիրը։
2025 թ. հեղինակել է «ԱրվեստաԼՈՒՅՍ» թատերական նախագիծը՝ նախատեսված սփյուռքահայ ուսուցիչների համար։
«իԳործ» ծրագրի շրջանակներում Մարիամ Մնացականյանի աշխատավայրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է։