Մարի Կույումջյան
Ես Մարի Կույումջյանն եմ։ Ծնվել եմ Միացյալ Նահանգներում, մեծացել՝ Ճապոնիայում, որտեղ ներկայումս բնակվում և աշխատում եմ։
Բարձրագույն կրթությունս ստացել եմ Տոկիոյի Վասեդա համալսարանում՝ ֆինանսներ մասնագիտությամբ։
Ներկայումս աշխատում եմ Ճապոնիայում գործող միջազգային բանկում՝ որպես շուկաների թրեյդեր։
Մասնագիտական գործունեությանս զուգահեռ՝ ակտիվորեն ներգրավված եմ Ճապոնիայի հայկական համայնքի կյանքում։ Կամավորական հիմունքներով աջակցում եմ Ճապոնիայում ՀՀ դեսպանության գործունեությանը՝ նպաստելով Հայաստանի և Ճապոնիայի միջև կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Մասնակցում եմ նաև Ճապոնիայի տարբեր պրեֆեկտուրաների քաղաքապետերի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ համագործակցությանը՝ Հայաստանի հետ գործարար և այլ ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման և զարգացման նպատակով։
Ճապոնիայում հիմնադրել եմ Ասիայում հայ երիտասարդ մասնագետների առաջին «Young Professionals Chapter» հարթակը, որի նպատակն է միավորել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող երիտասարդ հայ մասնագետներին, ստեղծել մասնագիտական և սոցիալական կապերի ձևավորման հնարավորություններ, խթանել փոխադարձ աջակցությունն ու համագործակցությունը և ամրապնդել նրանց կապը Հայաստանի հետ։ Նախաձեռնությունը ցանկանում եմ զարգացնել նաև տարածաշրջանային մակարդակով՝ ստեղծելով Ասիայի տարբեր երկրներում բնակվող հայ երիտասարդներին միավորող հարթակ։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ նպատակ ունեմ առավել ակտիվորեն ներգրավել երիտասարդներին հայկական մշակույթի և լեզվի պահպանման ու զարգացման գործում, ստեղծել կապերի և համագործակցության նոր հնարավորություններ, միավորել տարբեր երկրներում բնակվող երիտասարդ հայերին և նրանց ներկայացնել Հայաստանի հետ կապը խորացնելու, Հայաստանում ներգրավվելու և հայրենիքի զարգացմանը նպաստելու հնարավորությունները։
Իմ գործունեության միջոցով ցանկանում եմ համադրել մասնագիտական փորձը, համայնքային ներգրավվածությունն ու երիտասարդների համախմբման նախաձեռնությունները՝ նպաստելով Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը և նոր սերնդի հայերի՝ հայրենիքի հետ ավելի սերտ կապի ձևավորմանը։