Մերի Մաթևոսյան
Ես Մերի Մաթևոսյանն եմ։ Ծնվել եմ Հայաստանում, իսկ վերջին 23 տարիների ընթացքում բնակվում եմ Ավստրիայում՝ Վիեննայում։
Ներկայումս աշխատում եմ Վիեննայի երկլեզու ակադեմիական ավագ դպրոցում՝ որպես անգլերենի և հոգեբանության ու փիլիսոփայության ուսուցչուհի։
Ակտիվորեն ներգրավված եմ Վիեննայի հայկական համայնքի կյանքում։ Որպես Հայ ուսանողների միության (ASV) վարչության անդամ՝ թիմի հետ միասին աշխատում եմ Վիեննայում և հարակից շրջաններում բնակվող հայ երիտասարդների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ։ Կազմակերպում ենք բազմաբնույթ մշակութային, կրթական և համայնքային միջոցառումներ՝ ներառյալ հայկական եկեղեցական և ազգային տոները, դասախոսություններն ու տեղեկատվական հանդիպումները, ինչպես նաև երիտասարդական և ժամանցային միջոցառումներ։
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին մասնակցությունը դիտարկում եմ որպես իմ համայնքային գործունեության բնական շարունակություն և հնարավորություն՝ աշխարհի տարբեր երկրներից ակտիվ երիտասարդ հայերի հետ փորձի փոխանակման, նոր գիտելիքներ ձեռք բերելու և համայնքային առաջնորդության, երիտասարդների ներգրավվածության ու սփյուռքյան համագործակցության նոր մոտեցումներ ձևավորելու համար։
Ծրագրի շրջանակում ձեռք բերած գիտելիքներն ու ձևավորած կապերը ցանկանում եմ կիրառել Ավստրիայի հայկական համայնքի զարգացմանը նպաստելու և ավելի շատ երիտասարդների՝ հայկական ժառանգության պահպանման ու փոխանցման գործում ակտիվ դեր ստանձնելու ոգեշնչելու համար։