Վիկտորյա Ստեփանյան
Ես Վիկտորյա Ստեփանյանն եմ։ Ծնվել եմ Հայաստանում, սակայն կյանքիս մեծ մասն ապրել եմ Լատվիայում։
Մասնագիտությամբ արտադրանքի դիզայներ և վիզուալ կերպարի ոճաբան եմ։ Ներկայումս մասնագիտական գործունեությունս ծավալում եմ ինտերիերի դիզայնի ոլորտում։
Մասնագիտական գործունեությանս զուգահեռ՝ երկար տարիներ ակտիվորեն ներգրավված եմ երիտասարդական կազմակերպությունների գործունեության մեջ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում։ Լատվիայում ակտիվորեն մասնակցում եմ հայկական եկեղեցական համայնքի և «ArmUnity» երիտասարդական կազմակերպության գործունեությանը։ 2024 թվականից Համաշխարհային հայ երիտասարդական ցանցի (WostAYN) վարչության անդամ եմ, իսկ 2025 թվականից ներգրավված եմ «Արև» բարեգործական հիմնադրամի վարչության աշխատանքներում։ Թիմի հետ միասին իրականացնում ենք Լատվիայի տարբեր շրջաններում երեխաներին և սոցիալական հաստատություններին աջակցելուն ուղղված ծրագրեր։
Վերջին տարիներին մասնակցել եմ Եվրոպայի խորհրդի և WostAYN-ի միջազգային կրթական ծրագրերին, որոնք անցկացվել են Հունգարիայում, Ֆրանսիայում և Հայաստանում։ Այս փորձն ավելի է ամրապնդել երիտասարդական առաջնորդության, միջազգային համագործակցության և ամուր հայկական համայնքի ձևավորման կարևորության նկատմամբ համոզմունքս։
Մասնագիտական գործունեության շրջանակում 2023 թվականին իմ նախագծած և ստեղծած «Արաքս» («Araksa») հավաքածուն ընդգրկվել է Լատվիայի երիտասարդ դիզայներների լավագույն հավաքածուների շարքում։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ նպատակ ունեմ ամրապնդել Հայաստանի և Սփյուռքի միջև կապերը՝ ստեղծելով մարդկանց միավորող և հայկական ինքնության պահպանմանը նպաստող նախաձեռնություններ։