Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Նպատակ
Համապարփակ ռեսուրս կենտրոն հայրենադարձների համար
Կենտրոնի մասին
Հայրենադարձների ինտեգրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնն իր տեսակով առաջինը կլինի Հայաստանի Հանրապետությունում և կգործի որպես միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների համար:
Միջոցառման նպատակն է խթանել հայրենադարձությունը, աջակցել հայրենադարձների արդյունավետ ինտեգրման գործընթացին և ակտիվ ներգրավմանը Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական, մշակութային ու սոցիալ-տնտեսական կյանքին:
Անհատականացված ծառայություններ
Կենտրոնում ներգրավված կլինեն գործընթացին և հայրենադարձների խնդիրներին քաջածանոթ աշխատակիցներ, ովքեր կտրամադրեն անհատականացված ծառայություններ սփյուռքի հայության շրջանում տարածում ունեցող գերակա լեզուներով:
Կենտրոնը կապահովի հայրենադարձների կապը պետական և հասարակական տարբեր կառույցների հետ՝ հայրենադարձներին առնչվող բոլոր խնդիրներին պատշաճ լուծում գտնելու նպատակով:
Յուրաքանչյուր հայրենադարձ կամ հայրենադարձ ընտանիք կունենա ինտեգրման աջակցության իր մասնագետը, ով կծառայի որպես հիմնական կոնտակտային անձ ողջ գործընթացի ընթացքում՝ վարելով նրանց գործը:
Կենտրոնի մասնագետները կիրականացնեն խորհրդատվություն և գործնական աջակցություն հետևյալ ուղղություններով.
- քաղաքացիության և կարգավիճակի ձեռքբերման
- անձնական գույքի և բիզնեսի տեղափոխության
- առողջապահական
- կրթամշակութային
- սոցիալ-տնտեսական
- զբաղվածության և աշխատանքի թույլտվության
- զինվորական հաշվառման և ծառայության
- օրենսդրական
- հարկային
- բանկային գործարքների և ֆինանսների
Ինտեգրում
Հայրենադարձների լիարժեք ինտեգրումն ապահովելու համար Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը սերտորեն կաշխատի Repat Armenia հիմնադրամի մեր գործընկերների հետ՝ օգնելու հայրենադարձներին աշխատանք գտնել Հայաստանում, ինչպես նաև պարբերաբար կազմակերպելու է առցանց և անցանց համաժողովներ, ցանցային միջոցառումներ, աշխատանքի տոնավաճառներ և մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։
Կենտրոնը կտրամադրի արևելահայերենի անվճար դասընթացեր, որոնք հայրենադարձներին կօգնեն հաղթահարել լեզվական խոչընդոտները և բարելավել արևելահայերենի իմացությունը: Դասընթացներն արդեն հասանելի են, առավել մանրամասն տեղեկանալու համար այցելեք հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/pages/137/learn-Armenian
Գտնվելու վայրը
Կենտրոնը տեղակայված է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության 37 հասցեում։ Դա պատմական նշանակության շինություն է, որտեղ գտնվում են մեր գործընկերները՝ Repat Armenia-ն և Birthright Armenia-ն: Ամբողջովին վերանորոգված տարածքը Հովնանյան ընտանիք հիմնադրամի կողմից տրամադրվում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակին անվճար հիմունքներով։
Մենք ուրախ ենք շուտով բացել մեր դռները հայրենադարձների համար: