Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը այցելել է ԱգրիՀԱԲ
21 Մարտի 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE) կողմից ստեղծված Զաբել Եսայանի անվան կենտրոնի նորաբաց ԱգրիՀԱԲ: ICARE-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։
ICARE-ը հանդիսանում է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ATC), EVN գինու ակադեմիայի և ագրոբիզնեսի հետազոտությունների և գյուղական զարգացման ծրագրերի հովանոց կազմակերպություն: Նրանք համատեղում են ագրոբիզնեսի ոլորտում կրթության, հետազոտությունների և զարգացման լավագույն փորձը և ամենաառաջադեմ գիտելիքները:
«Կազմակերպությունը ղեկավարում է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը՝ պատրաստելով մասնագետներ բակալավրի և մագիստրոսի մակարդակներում և ղեկավարում է EVN գինու ակադեմիայի նախաձեռնությունը Հայզենհայմի համալսարանի հետ (Գերմանիա): EVN-ն Էնոլոգիայի և գինու բիզնեսի ոլորտում ապագա և գործող գինու տեխնոլոգների և ձեռներեցների համար առաջարկում է մեկուկես տարվա մասնագիտական սերտիֆիկատ անգլերեն լեզվով, ինչպես նաև կարճ դասընթացներ գինու սիրահարների համար»,-նշել է Արթուր Գրիգորյանը:
Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը կարևորել է նման ծրագրերի առկայությունը և պատրաստակամություն հայտնել ICARE-ի հետ հետագա համագործակցության համար։