Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտադիմումների ընդունումը
17 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (17 ապրիլ, 2023) - ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2023-2024 թթ. ծրագրի հայտադիմումների ընդունումը մեկնարկել է:
Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների փոխանցման, փորձի փոխանակման, գործնական նոր կապերի ձեռքբերման ճանապարհով, նպաստել Սփյուռքի տարբեր համայնքների, Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը:
Ծրագիրը մեկամյա է և ընդգրկում է 2023 թ. սեպտեմբեր-2024 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը: Հայաստանում կանցկացվի երկշաբաթյա դասընթաց` 2023 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 7-ը, մնացյալ ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում:
Ծրագիրը մեկամյա է և ընդգրկում է 2023 թ. սեպտեմբեր-2024 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը: Հայաստանում կանցկացվի երկշաբաթյա դասընթաց` 2023 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 7-ը, մնացյալ ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում:
Հայաստանյան դասընթացն ունի տեսական և գործնական բնույթ։ Ներառում է դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, տեխնոլոգիական հաստատություններ և հիշատակի վայրեր:
Համայնքներում մասնակիցները կիրականացնեն տեղեկատվական և համայնքային հանդիպումներ, միջհամայնքային աշխատանքների փորձի փոխանակման ձեռնարկներ, աշխատանք մեդիայի հետ:
Ծրագրին կարող են դիմել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում, տիրապետում են հայերենին (հասկանում են և կարողանում են հաղորդակցվել), Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ են կամ անդամներ, համայնքային, հոգևոր կառույցների ներկայացուցիչներ, համայնքի կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող անձինք, ունեն համայնքային ծրագրերի/միջոցառումների կազմակերպման փորձ, դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները պատրաստ են ներդնել համայնքում իրենց գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու գործում և նպաստել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, ունեն սոցիալական հարթակների կամ լրատվամիջոցների հետ աշխատանքի փորձառություն (ցանկալի է)։
Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան դառնալու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործընկերները համայնքներում և իրենց ներգրավմամբ կընդլայնեն Սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանցը:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ապահովում է նրանց կեցությունն ու սնունդը Հայաստանում, մուտքը թանգարաններ, մշակութային և հասարակական վայրեր/հաստատություններ, ծրագրի հայաստանյան հատվածի շրջանակներում՝ տեղափոխման ծախսերը:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի հունիսի 1-ին է: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/9mxTe4xruYMDT7z26
Հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել diaspora.youthambassador@gov.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել (+374) 10 515525 և (+374) 41879453 (WhatsApp, Viber, Telegram) հեռախոսահամարներին:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ: