Զարեհ Սինանյանը հանդիպել է Համբուրգի գործարար շրջանակներին
15 Մայիսի 2023
Համբուրգում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարար ակումբի ներկայացուցիչների հետ։
Գործարար հանրույթի հայազգի ներկայացուցիչները ներկայացրել են Գերմանիայում իրենց կողմից ծավալվող տնտեսական գործունեությունը ու բիզնես նախաձեռնությունները։ Գլխավոր հանձնակատարն իր հերթին հակիրճ ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և բարձր գնահատել հայ գործարարների աշխատանքը։
Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Հայկական բիզնես ցանցի ներկայացուցիչների հետ, որոնց գերակշիռ մասը տարբեր ոլորտների հայազգի մասնագետներ և գործարարներ են։
Հանդիպման մասնակիցներին է ներկայացվել Հայաստանի կողմից առաջարկվող ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև գրասենյակի և Հայաստանի այլ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերը։
Հարցերը հիմնականում վերաբերել են հայրենադարձությանը, սփյուռքի ներուժի ներգրավմանը, Հայաստանի անվտանգությանը, զինվորական ծառայությանը, սոցիալ֊տնտեսական ծրագրերին և դրանց բարելավմանն ուղղված քայլերին։
Գլխավոր հանձնակատարը այցելել է նաև «Համբուրգի հայ համայնք 1965» կազմակերպության դպրոց, որտեղ գործում է նաև հայկական պարախումբ և երգչախումբ։ Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել դպրոցի և մշակութային խմբերի գործունեությանն ու առկա խնդիրներին։
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել դպրոցի ղեկավարությանը և բարձր գնահատել դպրոցի և մշակութային խմբերի հայապահպան աշխատանքը։