Գլխավոր հանձնակատարը մասնակցել է ՌԱԿ համագումարին
25 Մայիսի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Երևանում մասնակցել է Ռամկավար Ազատական կուսակցության օրենսդիր գերագույն համագումարի՝ 29-րդ ընդհանուր պատգամավորական ժողովի բացման արարողությանը, որին ներկա էին կուսակցության ղեկավար կազմը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլք:
Զարեհ Սինանյանը ներկաներին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասվում էր. «Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է ժողովրդին և հայրենիքին՝ հանդիսանալով ազգային խնդիրների լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայության ներգաղթի կազմակերպման և համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը: Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ և անցած ճանապարհով ապացուցել կենսունակությունը: Բարձր գնահատանքի է արժանի կուսակցության դերը սփյուռքում քաղաքական և հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր էլ զգում է Ռամկավար Ազատական կուսակցության աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, մայր հայրենիքի հետ կապի ամրապնդման և այլ հարցերում: Մենք շահագրգիռ ենք կուսակցության շարունակական զարգացմամբ՝ միտված մեր երկրի և ժողովրդի միասնականության, ազատության և պետականության ամրապնդմանը»:
Գլխավոր հանձնակատարն իր ողջույնի խոսքում նշել է, որ կուսակցության անցած ճանապարհը, ներդրած ջանքերը և Հայաստանակենտրոն գաղափարախոսությունը դաստիարակել են սերունդներ և ստեղծել մնայուն հետք, և ուրախություն հայտնել, որ այսօր կուսակցությունն առավել միասնական դեմքով է ներկայանում Հայաստանի և սփյուռքի հայությանը: Այս համատեքստում Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել կուսակցության ղեկավար կազմի դիրքորոշումն ընտրելու ջանքերի համադրման, միահամուռ աշխատանքի և միասնականության ուղին:
Բացման հանդիսության ընթացքում ներկաներին են փոխանցվել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ի և կուսակցության գործընկեր այլ կառույցների ողջույնի խոսքերը:
Այնուհետ տեղի է ունեցել կուսակցության 100-ամյակին նվիրված գրքի ներկայացման արարողությունը: