Մասնակցություն «Ժողովրդական դիվանագիտության դերը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում» կլոր սեղանին
09 Հունիսի 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Ժողովրդական դիվանագիտության դերը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում» միջազգային կլոր սեղանին, որը կազմակերպվել էր «Ռուսաստանի ժողովուրդների ասամբլեա» համառուսաստանյան հասարակական կազմակերպության կողմից Ռուսական գրքի տանը:
Պետական համակարգի, գիտության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են ժողովրդական դիվանագիտության դերը՝ որպես ազգերի միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդման հնարավորություն և հասարակական կազմակերպությունների աշխատանքը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
«Սփյուռքի ամենամեծ հայկական համայնքներից մեկը գտնվում է Ռուսաստանում։ Հանրային դիվանագիտության դերը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում անհերքելի է։ Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանում բնակվող հայերը, որոնք ակտիվ են հասարակական, մշակութային, գործարար, գիտական և այլ ոլորտներում, կարող են հանդես գալ որպես միջնորդներ և մասնակիցներ մեր երկրների միջև փոխգործակցության շրջանակներում։ Հանրային դիվանագիտությունը նպաստում է նաև անձնական կապերի, մշակութային փոխանակման և գործընկերության հաստատմանը, որոնք հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման համար»,- ընդգծել է Զարեհ Սինանյանը։
Գլխավոր հանձնակատարը նախօրեին ընդունել է նաև Եվրասիական ժողովրդական վեհաժողովի հասարակական կազմակերպությունների միջազգային միության ներկայացուցիչներին։ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և ընթացիկ ծրագրերը:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են Եվրասիայի երկրներում հայկական սփյուռքի հասարակական կազմակերպությունների հետ փոխգործակցության ձևերը և հումանիտար ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը։