Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին
23 Օգոստոսի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Կիպրոսում։ Նախագահի աշխատակազմի հրավերով՝ Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին, որին ներկա են գտնվել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը, արքեպիսկոպոս Գերաշնորհ Տ․ Գերիգիոս Պապաքրիստոմուն, Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն, Եգիպտոսի միգրացիայի և արտագաղթի հարցերով նախարար Սոհա Գենդին, կիպրական սփյուռքի համաշխարհային կազմակերպությունների ղեկավարները։ Բացման արարողությանը ներկա է եղել նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատի հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը։
Ողջույնի խոսքերում Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաները և սփյուռքի ներկայացուցիչները կարևորել են դաշնակից երկրների սփյուռքների հետ ակտիվ համագործակցությունը և հանուն ընդհանուր շահերի պայքարը։
Համաժողովի բացմանը զուգահեռ մեկնարկել է նաև «Երբ գեղեցիկ անցյալը հանդիպում է ողբերգական ներկային» լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են կորուսյալ հայրենիքի թեմային առնչվող աշխատանքներ։
Հիշեցնենք, որ Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հուշագրի շրջանակներում երեք պետությունները համագործակցում են տարբեր երկրներում առկա հայկական, կիպրական և հունական սփյուռքների համագործակցության սերտացման ուղղությամբ։