Զարեհ Սինանյանը հանդիպել է Եգիպտոսի միգրացիայի և արտագաղթի հարցերով նախարարին
24 Օգոստոսի 2023
Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ սփուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Եգիպտոսի միգրացիայի և արտագաղթի հարցերով նախարար Սոհա Գենդիի հետ։
Ողջունելով նախարար Գենդիին՝ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է սփյուռքի հետ աշխատանքներում Հայաստանի քաղաքականությունը, ծրագրերը և ուղղությունները։ «Հունաստանի և Կիպրոսի հետ սերտ համագործակցություն և եռակողմ հուշագիր ունենք սփյուռքի հարցերի շուրջ։ Լիահույս եմ, որ հեռանկարային համագործակցություն կարող ենք ունենալ նաև Եգիպտոսի հետ՝ հաշվի առնելով եգիպտական հսկայական սփյուռքի առկայությունը բազմաթիվ երկրներում։ Այս համատեքստում մենք փորձի փոխանակման ահռելի դաշտ ունենք»։
Գլխավոր հանձնակատարը խոսել է նաև եգիպտահայ համայնքի մասին և շնորհակալություն հայտնել Եգիպտոսի պետությանը հյուրընկալություն և հոգածության համար։
«Հայաստանի և Եգիպտոսի հարաբերությունները պատմական են և յուրահատուկ։ Մենք միշտ հայկական շահերի կողքին ենք որպես պետություն և մշտապես կարող ենք աջակցել միմյանց։ Մենք նաև բաց ենք ցանկացած ոլորտում նոր համագործակցությունների համար։ Իհարկե, ամենակարևոր ուղղություններից մեկը մեր սփյուռքների միջև աշխատանքն է։ Պակաս կարևոր չեն նաև համագործակցության հեռանկարները ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում»,-նշել է նախարար Գենդին։ Նա ընդգծել է, որ նախարարության նպատակն է հասանելի լինել աշխարհի ցանկացած ծայրում գտնվող եգիպտոսցիներին։
Կողմերն անդրադարձ են կատարել հայկական և եգիպտական սփյուռքների առանձնահատկություններին, աշխարհագրությանը, ներուժին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հստակեցնել համագործակցության ուղղությունները և աշխատել համատեղ նախաձեռնությունների շրջանակներում։
Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է «Երբ գեղեցիկ անցյալը հանդիպում է ողբերգական ներկային» լուսանկարների ցուցահանդես և շրջայց կատարել։