Գլխավոր հանձնակատարը ելույթ է ունեցել Եվրոպական տնտեսական համաժողովին
07 Սեպտեմբերի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը որպես բանախոս մասնակցել է Եվրոպական տնտեսական համաժողովին, որն ընթանում է Լեհաստանում և այս տարի հյուրընկալել է 4000 մասնակիցների։ «Սփյուռք ունեցող երկրների քաղաքականությունը և փոխադարձ հարաբերությունները» պանելային քննարկմանը Գլխավոր հանձնակատարի հետ միասին մասնակցել է նաև Լիտվայի Գլոբալ դեպարտամենտի գլխավոր տնօրեն Լինա Զուկաուսկայտեն։ Նիստը վարել է Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետնախարար Յան Ջիեջիչակը։
Քննարկմանը դիտորդի կարգավիճակում ներկա են գտնվել եվրոպական տարբեր երկրների ներկայացուցիչներ, դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, հետազոտողներ, ինչպես նաև Լեհաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հայ համայնքների ներկայացուցիչներ։
Զարեհ Սինանյանը ներկայացրել է հայկական սփյուռքի ստեղծման և զարգացման պատմությունը, առանձնահատկությունները, աշխարհագրությունը, ինչպես նաև ծավալուն ակնարկ կատարել սփյուռքի հետ աշխատանքի ռազմավարական ուղղություններին։ «Մեր աշխատանքի ուղղությունները բազմաթիվ են, սակայն եթե երկու մեծ հոսքերի բաժանենք, դրանք կլինեն հայրենադարձության գործընթացը և սփյուռքի ներուժի ներգրավումը հայրենիքի բոլոր գործընթացներում։ Մենք հավատացած ենք, որ հայրենիք-սփյուռք կապերը նման են երկկողմանի ճանապարհի, որտեղ առանց փոխադարձության և համատեղ ռեսուրսների ներդրման անհնար է ակնկալել երկարաժամկետ արդյունք»,- նշել է Գլխավոր հանձնակատարը և ներկայացրել գրասենյակի նորաբաց Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ», համայնքներում երիտասարդ առաջնորդության խրախուսման «Սփյուռքի երիտասարդ դեսպան», սփյուռքի պատանիների հայրենաճանաչության «Քայլ դեպի տուն» ծրագրերը։ Ակնարկ է կատարվել նաև սփյուռքի ներուժի քարտեզագրմանը, համայնքների հետ կապի ձևաչափերին, գրասենյակի կողմից կազմակերպվող համաժողովներին, սփյուռքի կողմից հայրենիքում կատարվող ներդրումներին։ «Չեմ կարող չնշել, որ հայկական սփյուռքը նվիրված է հայկական շահերի պաշտպանությանը։ Մենք չունենք բնական պաշարներ, սակայն ունենք մեծ սփյուռք, որի հետ արդյունավետ աշխատանքը մեզ համար հենման կետ է աշխարհում»,- ընդգծել է Զարեհ Սինանյանը։
Լիտվայի Գլոբալ դեպարտամենտի գլխավոր տնօրեն Լինա Զուկաուսկայտեն ներկայացրել է լիտվական սփյուռքի հետ աշխատանքը, ծրագրերը, որոնք հիմնականում ուղղված են սփյուռքում մայրենի լեզվի և կրթության տարածմանը, երիտասարդների կապին և հայրենադարձությանը։
Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետնախարար Յան Ջիեջիչակը նշել է, որ Լեհաստանը, ունենալով 20 միլիոնի հասնող սփյուռք, մեծ կարևորություն է տալիս սփյուռքներ ունեցող երկրների հետ փորձի փոխանակմանը։ «Հայաստանի մեծ և նորարական մոտեցումներով փորձը մեզ համար իրոք շատ կարևոր է։ Շնորհակալ եմ Ձեզ, պարոն Գլխավոր հանձնակատար, քանի որ ամիսներ առաջ Հայաստան այցի և Ձեզ հետ հանդիպման ընթացքում ծագեց այս ահռելի համաժողովի շրջանակներում սփյուռքի թեմային նվիրված նիստի կազմակերպումը, որը մեծ հետաքրքրություն ունեցավ այսօր։ Լիահույս եմ, որ և՛ Հայաստանի, և՛ Լիտվայի հետ կշարունակենք սփյուռքի հարցերով սերտ համագործակցությունը»,- շեշտել է պետնախարարը։
Օրվա ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է համաժողովի մրցանակների հանձնման արարողությանը։