Ամփոփվել է «ԴիասՊրո» ծրագրի հայտերի ընդունման փուլը
01 Դեկտեմբերի 2023
Դեկտեմբերի 1-ին ավարտվել է «ԴիասՊրո-2023» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունման փուլը։ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ծրագիրն իրականացնում է առաջին անգամ՝ հնարավորություն ընձեռելով սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ անցանց եղանակով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի զարգացման գործում:
Մեկ ամսվա ընթացքում ստացվել է 142 հայտ՝ աշխարհի 24 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Արգենտինայից, Ավստրիայից, Լատվիայից, Բրազիլիայից, Կատարից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից։ Հայտատուների ցանկում են աշխարհի առաջատար բուհերի՝ Եյլի համալսարանի, Սորբոնի համալսարանի, UCLA-ի, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ, ովքեր մասնագիտացած են առողջապահության, մարդու իրավունքների պաշտպանության, էկոնոմիկայի, զբոսաշրջության և սոցիալական ոլորտներում։
Առաջիկայում տեղի կունենա ծրագրի մասնակիցների հարցազրույցների և ընտրության փուլը։ Ընտրված սփյուռքահայ մասնագետները առցանց կան անցանց եղանակով հնարավորություն կունենան ՀՀ պետական և տեղեկան ինքնակառավարման համակարգում իրենց մասնագիտական կամավորական աշխատանքը սկսել 2024թ․ հունվարից։
«ԴիասՊրո» ծրագիրը նախաձեռնվել և մշակվել է՝ հաշվի առնելով հայրենիքի կառավարման համակարգում կամավորական հիմունքներով աշխատանքի պատրաստակամություն հայտնած սփյուռքյան տարբեր մասնագիտական շրջանակների և Հայաստանի պետական համակարգի գերատեսչությունների պահանջարկը:
Ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/39։