Ամփոփվել են ինտեգրման անվճար սեմինար-դասընթացները
02 Դեկտեմբերի 2023
Նոյեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը անցկացրել է 2023 թվականին հայրենադարձների համար իրականացված ինտեգրման անվճար սեմինար-դասընթացների ամփոփիչ հավաք-հանդիպումը։ Այս տարի կենտրոնի կողմից կազմակերպված սեմինար-դասընթացներն ընթացել են տասը փուլով, որոնց մասնակցել է շուրջ 100 հայրենադարձ 13 երկրից։
Միջոցառմանը ներկա են եղել ինչպես դասընթացներին մասնակից հայրենադարձները, այնպես էլ կենտրոնի գործընկեր կառույցների ներկայացուցիչները։
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը։
Դասընթացների արդյունքներն ամփոփել է կրթական մասի պատասխանատու «Բիգ Մայնդ» կազմակերպության ներկայացուցիչ Հակոբ Մակդիսը։
Դասընթացներին տարվա ընթացքում մասնակցել են տարբեր մասնագիտություններ ունեցող հայրենադարձներ։ Արփի Քիլեջեանը Սիրիայից մասնագիտացած է առողջ ապրելակերպի հարցերում։ Նա դասընթացներին մասնակցել է գործարարության ոլորտում նոր գիտելիքներ ստանալու նպատակով։
«Ստացված տեղեկատվությունն ու գիտելիքները հատկապես կարևոր են գործարարությամբ հետաքրքրված մարդկանց համար։ Կարծում եմ՝ այս դասընթացները շատ օգտակար են հայրենադարձների համար։ Հուսով եմ, որ ապագայում կհիմնեմ իմ սեփական գործը», - նշել է Արփի Քիլեջեանը։
Արթուր Հարությունյանը Ռուսաստանից մեծածախ առևտրով է զբաղվում։ Դասընթացներին մասնակցել է Հայաստանում բիզնես սկսելու նպատակով։
«Այս դասընթացների ընթացքում մասնագետները շատ ամփոփ պատասխանում են յուրաքանչյուր մասնակցի հարցին։ Որևէ այլ տեղ չեմ հանդիպել նման հնարավորության։ Անվճար դասընթացներն ու խորհրդատվություններն ինձ օգնել են սկսել իմ գործը մեծածախ առևտրի ոլորտում», - նշել է Արթուր Հարությունյանը։
Միջոցառման ավարտին մասնակիցներին տրվել են սեմինար-դասընթացների մասնակցության հավաստագրեր։ Կենտրոնի մասնագետները տրամադրել են նաև խորհրդատվություն հայրենադարձության հետ կապված տարաբնույթ հարցերի վերաբերյալ։
Տարվա ընթացքում կազմակերպված սեմինար-դասընթացների թեմաները ներառում են Հայաստանում բիզնեսի վարման առանձնահատկություններին, օրենսդրական դաշտին, հարկային և մաքսային համակարգերին, հաշվապահական հաշվառման վարման ընթացակարգերին և մշակութային ադապտացիային առնչվող հարցեր։
Հայրենադարձների համար ինտեգրման սեմինար-դասընթացների մասին տեղեկանալու համար անհրաժեշտ է սեղմել այստեղ։