Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը

08 Ապրիլի 2024

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (ապրիլի 8, 2024) -  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի («Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում») հայտերի ընդունումը: Ծրագրին այս տարի կարող են մասնակցել ինչպես համայնքում ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած 20-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդները: Նպատակն է հնարավորություն ընձեռել նրանց՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի ձեռքբերման, փորձի փոխանակման ճանապարհով, նպաստել Հայաստանի և Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը:

Ծրագիրը մեկամյա է. ընդգրկում է 2024 թ. սեպտեմբեր-2025 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը և ընթանում է երկու փուլով: Հայաստանում կանցկացվի տասնհինգօրյա դասընթաց` 2024 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը, մնացյալ ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում: 

Հայաստանյան դասընթացի լեզուն հայերենն է։ Այն ունի տեսական և գործնական բնույթ։ Ներառում է դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հոգևոր կառույցներ և հիշատակի վայրեր, ՀՀ մարզեր:

Կազմակերպիչներն ապահովում են մասնակիցների կեցությունը, սնունդը, տեղափոխումը ծրագրի հայաստանյան հատվածի շրջանակներում, մուտքը  նախատեսված վայրեր ու հաստատություններ:

Ծրագրին հնարավոր է դիմել մինչ մայիսի 16-ը՝ այցելելով հետևյալ հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/19/Diaspora-Youth-Ambassador:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Հարցեր ունենալու դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել diaspora.youthambassador@gov.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել (+374) 10 515525 և (+374) 41879453 (WhatsApp, Viber, Telegram) հեռախոսահամարներին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office