Սերժիկ Անգելյանը նշանակվել է Գերմանիայում Սփյուռքի գործերի հանձնակատար
11 Ապրիլի 2024
ՀՀ վարչապետի N 291 – Ա որոշմամբ՝ Սերժիկ Անգելյանը նշանակվել է Գերմանիայում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։
Նա կրթություն է ստացել Համբուրգում, 1996 թվականից մինչ այժմ «Անգելյան» ընկերության սեփականատերը և գործադիր տնօրենն է: 1997թ.-ից սկսել է ակտիվ մասնակցություն ունենալ Համբուրգի հայ համայնքի կյանքին՝ 2018-2022թթ. ստանձնելով համայնքի նախագահի պաշտոնը: 2022թ.-ից ծառայում է որպես Համբուրգի հայ համայնքի խորհրդատվական խորհրդի անդամ:
Գերազանց տիրապետում է հայերենի, անգլերենի, գերմաներենի և պարսկերենի:
Այս պաշտոնում Սերժիկ Անգելյանը նպաստելու է համայնքի և Հայաստանի միջև գործակցության զարգացմանը, այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, համայնքի ներուժի նպատակային ներգրավմանը, ինչպես նաև աջակցելու է հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը:
Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի մանրամասների ծանոթանալու համար այցելեք հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/40: