Զարեհ Սինանյանն ընդունել է «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանին

13 Փետրվարի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանին։

Հիմնադրամի տնօրենը Զարեհ Սինանյանին է ներկայացրել կազմակերպության ընթացիկ նախաձեռնությունները:

ՀՀ-ում «ՍՕՍ Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Այն երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում։

Հիմնադրամի գործունեությունը ներառում է շուրջօրյա այլընտրանքային խնամքի (երկարաժամկետ և կարճաժամկետ) և ընտանիքի ամրապնդման ծառայություններ, այդ թվում մոր և մանկան կացարան և ցերեկային խնամք, որոնք իրականացվում են Երևանում և մարզերում։

Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը՝ ընդգծելով վերջինիս երեխայակենտրոն լինելու կարևորությունը։

Կողմերը քննարկել են համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև գրասենյակի աջակցությունն՝ ուղղված սփյուռքի տարբեր համայնքների հետ ամուր և արդյունավետ կապերի ձևավորմանը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office