«իԳործ» ծրագրի մասնակիցներն արդեն 13 գերատեսչությունների աշխատակիցներ են

07 Սեպտեմբերի 2020

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի առաջին փուլի մասնակիցներն արդեն ՀՀ կառավարության կազմում են։ Պետական համակարգում աշխատանքի են անցել 100 մասնակիցներից դեռևս 24-ը։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մասնակիցների մի մասը Հայաստան կժամանեն ավելի ուշ։

«իԳործ» ծրագիրը նպատակ ունի Հայաստան բերել սփյուռքի մասնագիտական ներուժը, իրականացնել արտասահմանյան կրթական և աշխատանքային փորձի փոխանակում և նպաստել մասնագիտական հայրենադարձությանը։  

Այս պահին «իԳործ»-ի մասնակիցները սկսել են իրենց աշխատանքը  վարչապետի աշխատակազմում, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Շրջակա միջավայրի, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Էկոնոմիկայի նախարարություններում, Կենտրոնական բանկում, Կրթության տեսչական մարմնում, Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակներում:

Առաջին աշխատանքային օրը «իԳործ»-ի մասնակիցներին դիմավորեցին կառույցների համապատասխան ոլորտների պատասխանատուները։ Նրանք ողջունեցին մասնակիցների պատրաստակամությունը և ոգևորությունը,  ծանոթացրին ընթացիկ աշխատանքներին։

Ծրագիրը տևելու է 12 ամիս, որոնց ընթացքում մասնակիցներն աշխատելու են գործող և նոր նախագծերի շրջանակներում։ Մեկ տարվա ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սերտորեն կապ է պահպանվելու յուրաքանչյուր մասնակցի և գերատեսչությունների հետ՝ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը տեսնելու և բարելավելու նպատակով։

«իԳործ» ծրագրի մասին մանրամասներ կարող եք գտնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքում հետևյալ հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/25/fellowship:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office