Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանական զորքերը հայաստանյան ժամանակով առավոտյան 07:10-ին օդային և հրթիռային հարձակման են անցել Արցախի ուղղությամբ՝ շփման գծի ամբողջ երկայնքով։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ, երկու ուղղաթիռ և մի քանի ԱԹՍ։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։
Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:
Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել, մնալ թաքստոցներում ու փողոց դուրս չգալ: Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ:
Համայն հայությանն ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք»,-ասված է վարչապետի խոսքում։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:
Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: