Արցախի դեմ պատերազմի երկրորդ օրը. ամոփոփում
29 Սեպտեմբերի 2020
Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։
Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։
Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր:
Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա: Մարտական գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%։
Հայկական բանակն այս պահին ունի ընդհանուր առմամբ 84 կորուստ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ վերջինիս նախաձեռնությամբ:
Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:
Թուրքիայի ներգրավվածության և սիրիացի վարձկաններին Ադրբեջան բերելու մասին է սկսել խոսել միջազգային մամուլը: Reuters-ը և The Guardian-ը պատմում են բացահայտ ճշմարտությունների մասին: Հղումները՝ https://reut.rs/2HFhktK, https://bit.ly/3jhVDhq:
Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Բազմաթիվ են մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաև Սփյուռքից: Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսևորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը:
Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ:
Հաղթանակը մերն է: