Պատերազմը շարունակվում է
23 Հոկրեմբերի 2020
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:
Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:
Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։
Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կայանքից։
Մարդկային կորուստներ չկան։
Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է սմերչ տեսակի հրթիռներ։
Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով։
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ:
Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։
Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա:
Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա: