«Իմ դպրոցը բազմազգ է, ինչպես Նոյան տապանը»
27 Փետրվարի 2021
«Իմ դպրոցը բազմազգ է, ինչպես Նոյան տապանը»: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ իր դպրոցն այսպես է անվանել տնօրեն Գայանե Աբրահամյանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լազարևների անվանի թիվ 2042 դպրոցում, որտեղ հայերենը որպես օտար լեզու է դասավանդվում:
Գլխավոր հանձնակատարի հետ զրույցում շեշտվել է, որ հայերենը Ռուսաստանում մայրենի լեզուների ցանկում չէ, ինչը խոչընդոտում է երկրի տարածքում հայերենով գրքերի հրատարակմանը: Զարեհ Սինանյանն իր այցի ընթացքում այս խնդիրը ևս մեկ անգամ կբարձրաձայնի Էթնիկ հարցերի դաշնային գործակալության ղեկավարության, ինչպես նաև իրավասու այլ մարմինների հետ հանդիպումների ժամանակ: Այդ իրավիճակից ելքը այսօր այն գրքերն են, որոնք անվճար Հայաստանից Ռուսաստան են տեղափոխվում, և տարբեր ազգույթունների 700-ից ավելի երեխաների հնարավորություն տալիս հայերենը սովորել որպես երկրորդ օտար լեզու: Դպրոցը նաև աչքի է ընկնում նրանով, որ այն ունի երեխաների զարգացման համար կրթական և մշակութային բազմազան ուղղություններ: Դրանցից մեկը երաժշտականն է: Այդ կապակցությամբ Գլխավոր հանձնակատարը դպրոցին նվիրեց հայկական քանոն երաժշտական գործիքը: Տնօրենը Գլխավոր հանձնակատարին ցույց տվեց համերգասրահը և մարզասրահները, դասասենյակները, պատմեց թիվ 2042 դպրոցի պատմությունը և հպարտորեն նշեց այն շրջանավարտներին, ովքեր վերադառնում են և աշխատում որպես բազմազգ ուսումնական հաստատության ուսուցիչներ: