ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
24 Ապրիլի 2021
Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ,
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը:
Յուրաքանչյուր հայի համար ապրիլի 24-ը առանձնահատուկ խորհուրդ ունի: Մի կողմից՝ մենք ապրեցինք մեր պատմության ամենամեծ արհավիրքներից մեկը, ստիպված եղանք գաղթել մեր պատմական հայրենիքից, սփռվել աշխարհով մեկ: Մյուս կողմից՝ մեր մեջ ուժ գտանք վերապրելու, պետականություն հիմնելու և ստեղծելու կենսունակ սփյուռք: Այսօր մենք դարձյալ բախվել ենք ցեղասպանվելու վտանգին, դարձյալ ուղղակիորեն առերեսվել ենք թուրքական ագրեսիային, որին ականատես եղանք Արցախյան վերջին պատերազմի ընթացքում:
Մեր ազգային գաղափարախոսության իրագործման հետևողական քայլերը, հայրենիք-սփյուռք հարաբերությունների նոր մակարդակի ձևավորումը առավել քան արդիական են մեր պետության կայացման և հարատևման համար:
Ցեղասպանության ողջ պատմությունը և զոհերի ու վերապրածների ճակատագրերը մեզ պարտավորեցնում են ստեղծել հզոր հայրենիք: Մենք որևէ այլընտրանք չունենք, քան կերտել գիտելիքահեն, զարգացած, մարտահրավերների դիմակայող պետություն, որը չի կարող կայանալ և գոյություն ունենալ առանց պետականակենտրոն, հայաստանյան կյանքին ներգրավված սփյուռքի:
Այսօր խոնարհվելով Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ վերահաստատենք մեր պատմությունը, մեր նահատակներին չմոռանալու կամքը և այն իմաստավորենք մեր պահանջատիրությամբ, մեր ապագային նվիրված մնալու ուխտով: