Գլխավոր հանձնակատարը Նյու Յորքում հանդիպեց հայկական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
30 Ապրիլի 2021
ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ ամերիկյան գրասենյակի տնօրեն Էլիզա Մինասյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում հիմնադրամի անդամները կարևորեցին գրասենյակի հետ այժմ առկա սերտ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնեցին աշխատել և աջակցել գրասենյակի գործունեությանը։ Ներկաներին հատկապես հետաքրքրեց սփյուռքի ներուժի քարտեզագրման, երիտասարդ առաջնորդների, հայրենադարձներ ինտեգրման կենտրոնի ծրագրերը։ Գլխավոր հանձնակատարը նաև ներկայացրեց Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակը և խնդիրները։
Հաջորդ հանդիպումը Կանանց կարգավիճակի կոմիտե ՀԿ-ի համակարգող Հուրի Գուդելեկյանի և Կոլումբիայի համալսարանի Weatherhead East Asian Institute-ի տնօրեն Նիկոլ Վարդանյանի հետ էր։ Քննարկվեցին կրթական և այլ ուղղություններով համագործակցության, Կոլումբիայի համալսարանի հայ ուսանողների ներուժի ներգրավման վերաբերյալ հարցեր։
Օրվա վերջին հանդիպումը կայացավ Armenian Wounded Heroes Fund-ի տնօրենների խորհրդի անդամ Ռազմիկ Արզումանյանի հետ։ Հանդիպման ընթացքում շոշափվեցին Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմանն առնչվող հարցեր։