«Եթե ցանկանում եք օգնել, այստեղ ձեզ կընդունեն սրտաբաց». բժիշկ Անդրե Դարբիդյան

22 Հունիսի 2021

Մեր գրասենյակը Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպել է սփյուռքահայ բժիշկ-ֆիզիոթերապևտ Անդրե Դարբիդյանի Հայաստան ժամանումը: Նա եկել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լա Կանադա Ֆլինթրիդ քաղաքից: Այստեղ գտնվելու մեկ ամսվա ընթացքում նա իր գիտելիքներն ու փորձն է ներդնում Երևանի կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում և օգնություն ցուցաբերում վիրավոր զինծառայողներին և ինստիտուտի հիվանդներին:

Զինվորների վիրավորումների մեծ մասը բեկորային են, որոնք ազդել են նրանց հենաշարժողական համակարգի վրա: Այս վնասվածքները հաղթահարելու համար բժիշկ Դարբիդյանը կիրառում է վարժություններ, որոնք նպաստում են շարժողական կապերին և նորից տեղաշարժվելու հնարավորություն տալիս:

Չնայած իր աշխատանքը թվում է բարդ ու դժվար, սակայն բժիշկը շնորհակալ ու երջանիկ է հայրենիքում գտնվելու համար՝ ավելի մոտ իր արմատներին և օգտակար լինելով Հայաստանին:

Ինստիտուտի պրոֆեսիոնալ անձնակազմը նրան ընդունել է գրկաբաց և Անդրեի համար դարձել 2-րդ ընտանիք:

Նա շուտով կվերադառնա ԱՄՆ, սակայն պլանավորում է ամեն տարի գալ Հայաստան և շարունակել իր գործը: Իր այն գործընկերներին, ովքեր ևս ցանկանում են գալ հայրենիք և իրենց պրոֆեսիոնալ փորձը կիրառել այստեղ, Անդրեն ասում է. «Պարզապես արեք դա: Եկեք և եղեք հայ մարդու կողքին: Եթե ցանկանում եք օգնել, այստեղ ձեզ կընդունեն սրտաբաց»:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office