Հայաստան-Ֆրանսիա կապերի ամրապնդմանը նպաստում է նաև հայ համայնքը
04 Նոյեմբերի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ՝ Գլխավոր հանձնակատարը բարձր գնահատեց Հայաստան-Ֆրանսիա եղբայրական հարաբերությունները և ընդգծեց, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայերի երկրորդ հայրենիքն է դարձել:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ֆրանսահայ համայնքին առնչվող մի շարք հարցեր, համայնքային ներկայիս զարգացումները, հայերի դերն ու ներգրավվածությունը Ֆրանսիայի հանրային կյանքի տարբեր բնագավառներում:
Դեսպան Լույոն հատկապես կարևորեց գրասենյակի կողմից իրականացվող «իԳործ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին աշխատանքի անցնել ՀՀ կառավարությունում: Ընդգծվեց, որ ֆրանասահայ մասնագետները ևս ներկայացված են ծրագրում: Համայնքը ներկայացուցիչ ունի նաև «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրում:
Զարեհ Սինանյանը դեսպանին ներկայացրեց գրասենյակի մյուս ծրագրերը ևս՝ Հայրենադարձների ինտեգրման կենտրոնը, սփյուռքի քարտեզագրման ծրագիրը, խոսեց նաև սփյուռքի պարտատոմսերի թողարկման մասին:
Հանդիպման ավարտին կողմերը ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին: