«Հայաստան տեղափոխվելն իմ լավագույն որոշումն էր».ամերիկահայ Մելանյա Մելիքյան
14 Դեկտեմբերի 2021
Մելանյա Մելիքյանը ծնվել է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում` իրանահայերի ընտանիքում: 2009 թվականին մասնակցել է «Դեպի Հայք» ծրագրին, սակայն հայրենադարձության միտքը երբեք առաջնահերթություն չէր համարում:
11 տարի ապրելով և աշխատելով Նյու Յորքում՝ փորձում էր մասնագիտական և անձնական որոշում կայացնել` ուր գնալ հաջորդիվ: Մի որոշում, որը նրան հետապնդում էր արդեն տարիներ:
ԱՄՆ-ում որևէ այլ տեղ գնալն արդեն անհետաքրքիր էր և չէր ոգևորում: Ինչպես շատ սփյուռքահայեր, Մելանյան ևս Արցախյան վերջին պատերազմի ժամանակ հայրենիքից հեռու իրեն անօգնական էր զգում, բայց հենց այդ օրերին իսկապես սկսեց արմատավորվել Հայաստան տեղափոխվելու գաղափարը: Գարնանը Հայաստանում աշխատանքի հնարավորությունը, որը համապատասխանում էր նրա գովազդի և արտադրության փորձին, թույլ տվեց, որ հայրենիքում հաստատվելու գաղափարն ավելի հիմնավոր դառնա: Պատերազմից մեկ տարի անց այն վերջապես իրականություն դարձավ այնպես, ինչպես նա երբեք չէր ծրագրել և չէր սպասում:
Որպես սփյուռքահայ՝ Մելանյան կարծում է, որ երկու երկրների լավագույն գծերն ունենալն առանձնաշնորհ է: Նա խորը կապեր ունի իր համայնքի հետ և նոր կապեր է հաստատում Հայաստանում:
Այստեղ գտնվելու վերջին երեք ամիսների ընթացքում Մելանյան ամբողջովին ինտեգրվել է: Նա արդեն դիմել է մշտական բնակության համար և տարբեր միջավայրերում հեշտորեն ծանոթություններ է հաստատում: «Մարտահրավեր էր, սակայն Հայաստան տեղափոխվելն իմ կյանքի լավագույն որոշումն էր: Ես իմ մշտական բնակությունն այստեղ եմ տեսնում»: