Սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագիրը մեկնարկում է

10 Մարտի 2022

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2022 ծրագիրը, որը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ծրագրին կարող են դիմել այն մասնագետները, որոնք ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

 

2022 թվականի հայտադիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 30-ը՝ հայերենով, անգլերենով և ռուսերենով: Վերջնաժամկետից հետո կսկսվի հայտադիմումների դիտարկման գործընթացը, և առաջին փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: Վերջնական ընտրությունից հետո սփյուռքահայ մասնագետներն այս տարվա սեպտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով աշխատանքի կանցնեն համապատասխան գերատեսչություններում: Եթե ցանկանում եք դիմել «իԳործ» 2022 ծրագրին, խնդրում ենք լրացնել հայտադիմումն այստեղ:

«իԳործ»-ը ծրագիրն իրականացվում է 3-րդ անգամ: Այն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իրականցվող առաջին ծրագիրն է, որի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում և այլ գերատեսչություններում: Սա բացառիկ հնարավորություն է սփյուռքահայ մասնագետների համար ներդրում ունենալ Հայաստանի պետականաշինության գործում և իրենց փորձն ու գիտելիքները բերել պետական կառավարման ոլորտ:

Ծրագրի շրջանականերում արդեն իսկ սփյուռքահայ 100-ից ավելի մասնագետ աշխատանքի է անցել Հայաստանի 25 գերատեսչություններում և Արցախի պետնախարարի գրասենյակում: Նրանց մեծամասնությունը հայրենադարձվելու որոշում է կայացրել, մի մասը մնացել է պետական համակարգում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ:

Ծրագրի ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը: Ընտրված մասնագետները ծրագրի շրջանակներում ստանում են ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճար, կացության վճար և առողջապահական ապահովագրություն:

Հարցերի պարագայում ազատ եղեք կապ հաստատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ diasporafellowships@gov.am  էլ. հասցեով:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office