Գլխավոր հանձնակատարն ընդունեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին
16 Ապրիլի 2022
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ապրիլի 15-ին ընդունեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներ Հարություն Աթոյանին (Ռուսաստան, Չիտա) և Մարի Հունանյանին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Դյուսելդորֆ)։ Հանդիպմանը ներկա էր նաև ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը:
Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը հետաքրքրվեց Սփյուռքի երիտասարդ դեսպանների ծավալած գործունեությամբ, մասնավորապես, ինչպիսի արդյունքներ են գրանցել և ինչ դիտարկումների են հանգել այս 8 ամիսների աշխատանքի ընթացքում: «Սփյուռքի հետ ամուր կապի ստեղծումը այս ծրագրի առանցքային նպատակներից մեկն է: Այսօր այդ կապն ապահովողները նաև դուք եք՝ Սփյուռքի երիտասարդ դեսպաններդ, ովքեր, գտնվելով աշխարհի տարբեր մասերում, ունեն նույն առաքելությունը՝ մոտեցնել Հայաստանն ու սփյուռքը և կենսունակ պահել հայ համայնքները: Ուրախ եմ, որ մեր և ձեր ներդրած ջանքերը արդյունքներ են տալիս և հույս ունեմ, որ ձեր շարքերը կշարունակվեն համալրվել»,- կարևորեց Զարեհ Սինանյանը:
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից Հարություն Աթոյանը ներկայացրեց Չիտայի հայ համայնքում կատարած աշխատանքները։ Իր և համայնքի այլ ակտիվիստների ջանքերով Չիտայում ստեղծվել և գործում է հայկական կրթամշակութային կենտրոն, որտեղ հաճախող շուրջ 60 մեր հայրենակիցներ սովորում են հայերեն, ուսումնասիրում հայ մշակույթը և զբաղվում «սամբո» մարզաձևով։ «Այս ծրագիրն ինձ մեծ վստահություն և ուժ է տվել, նոր գիտելիքներ և հմտություններ փոխանցել: Այդ ամենն ինձ մեծապես օգնում է կենտրոնի աշխատանքների կազմակերպման հարցում»,-նշեց Հարություն Աթոյանը: Գերմանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Մարի Հունանյանը խոսեց իր գործունեության մասին։ Ծրագրի շրջանակներում այցելելով տարբեր քաղաքներ՝ Մարին ծանոթանում է Գերմանիայի հայ համայնքի խնդիրներին, պարզում համայնքում ապրողների հետաքրքրությունների շրջանակները: Մարին ընդգծեց, որ գերմանահայ համայնքում առկա խնդիրներից են հայոց լեզվի իմացությունը, իրենց հայրենիքի պատմության և ներկայի հիմնավոր ուսումնասիրման բացակայությունը: Նա նշեց, որ տեղի հայ երիտասարդները մեծ ցանկություն են հայտնում անմիջականորեն առնչվելու և ծանոթանալու Հայաստանի և այնտեղ ապրող իրենց հայրենակիցների հետ:
Հանդիպման ավարտին Սփյուռքի երիտասարդ դեսպանները պատրաստակամություն հայտնեցին ծրագրի ավարտից հետո ևս կապի մեջ լինել գրասենյակի հետ և շնորհակալություն հայտնեցին գրասենյակի կողմից հետևողական աշխատանքի և ծրագրին մասնակցելու հնարավորության համար: