«իԳործ»-ականները հանդիպեցին Երևանի քաղաքապետին
26 Ապրիլի 2022
ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասնակիցները հյուրընկալվեցին Երևանի քաղաքապետարանում և հանդիպեցին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն շնորհակալություն հայտնեց քաղաքապետին «իԳործ» ծրագրին միանալու համար և համոզմունք հայտնեց, որ այս հանդիպումը ևս կնպաստի գործակցության նոր եզրեր գտնելուն: «Ուրախ եմ, որ ծրագիրն իր համեստ լուման է ներդնում քաղաքի կառավարման և Երևանի առջև ծառացած խնդիրների լուծման գործում: Մենք փորձում ենք ոչ միայն ներգրավել սփյուռքահայ մասնագետների ինտելեկտուալ կարողությունները Հայաստանի կառավարման համակարգում, այլև ևս մեկ թելով կապել սփյուռքը հայրենիքի հետ»,- նշեց Զարեհ Սինանյանը:
«Ծրագրի շրջանակում մենք իսկապես ունենք հաջողված համագործակցություն: Ուրախ եմ, որ մեր թիմը համալրել են նաև սփյուռքահայ մասնագետները, որոնք իրենց գիտելիքն ու փորձը հայրենիքին ծառայեցնելու պատրաստակամություն են հայտնել»,- նշեց քաղաքապետը:
Այնուհետ սփյուռքահայ մասնագետները քաղաքապետին ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերում էին Երևանի հատակագծի քարտեղագրմանը, աղբահանությանը, կանաչապատմանը, երթևեկությանը և այլն:
Երևանի քաղաքապետարանում են այժմ աշխատում «իԳործ»-ականներ Վահան Մկրտչյանը (Ռուսաստան), Լիլի Հարությունյանը (Շվեյցարիա) և Նունե Հարությունյանը (Բելգիա): «իԳործ» 2020-ի մասնակից իրանահայ Արմեն Բեգիջանին, ավարտելով ծրագիրը, «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկ տարի ևս շարունակում է աշխատել քաղաքապետարանում: