Սփյուռքի երիտասարդ դեսպանները տարաբնույթ միջոցառումներ են իրականացրել
27 Ապրիլի 2022
Ապրիլի 24-ին Միացյալ Թագավորությունում սփյուռքի երիտասարդ դեսպան Նոյեմի Ստեփան-Սարգիսյանն այցելել է Կարդիֆի հայկական համայնքային կենտրոն՝ մասնակցելու Ցեղասպանության հիշատակի միջոցառումներին և ներկայացնելու «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը։ Համայնքը գրասենյակի ծրագրերի վերաբերյալ ցուցաբերել է մեծ հետարքրություն: Երիտասարդ դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանում կամավորության հնարավորությունները, մասնավորապես՝ «Դեպի Հայք» հիմնադրամի գործունեությունը:
Շվեդիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Ինեսա Ռուբինյանի և Ուփսալայի հայկական մշակութային միության հետ համագործակցությամբ՝ Ուփսալա է ժամանել նորվեգացի գրող Սվեն-Էրիկ Ռիսեն: Վերջինս քաղաքի հանրային գրադարանում դասախոսություն է ունեցել Հայոց ցեղասպանության, Հայաստան և Արցախ կատարած ճամփորդությունների և 2020 թվականի արցախյան պատերազմի մասին: Սվեն-Էրիկը նաև ներկայացրել է Հայաստանի և 44-օրյա պատերազմի մասին իր երկու գրքերը: Այնուհետ ներկաները գրողին ուղղեցին իրենց հարցերը:
Իսպանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Սարգիս Հակոբյանի նախաձեռնությամբ Սանտա Կոլոմա դե Գրամենտե քաղաքում անցկացվել է Արցախի հիմնահարցին նվիրված կոնֆերանս, որին մասնակցել են իսպանացի լրագրողներ և քաղաքագետներ: Կոնֆերանսի հատուկ հյուրն էր Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նա հյուրերին ներկայացրեց հակամարտության պատմությունը, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական կողմի սանձարձակ գործողությունները:
Սփյուռքի երիտասարդ դեսպանները նաև շարունակում են ակտիվ կապ պահպանել և զարգացնել իրենց ցանցը: Ռուսաստանում սփյուռքի երիտասարդ դեսպան Հարություն Աթոյանը և Վրաստանում սփյուռքի երիտասարդ դեսպան Էմիլ Սարգսյանը հանդիպել են Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում: Հանդիպման ընթացքում փորձի փոխանակում է տեղի ունեցել համայնքում կրթական գործի կազմակերպման ուղղությամբ: