Հայ-սերբական մշակութային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ նախաձեռնություններ կիրականացվեն
04 Մայիսի 2022
Մայիսի 5-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Սերբիայից ժամանած պատվիրակության անդամներին՝ Սերբիայում հայ համայնքի ղեկավար Բիայնա Օբրադովիչ-Շահրիմանյանին, «Center for Strategic Analysis» ծրագրի ղեկավար Դարկո Օբրադովիչին, Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, սերբական և հարավսլավական «Borba» մշակութային ամսագրերի տնօրեն Անդրիա Յորգիչին, ամսագրերի խմբագիր Իլյանա Ստոյանովիչին:
Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ Սերբիայի փոքրաթիվ հայ համայնքն աչքի է ընկնում ակտիվությամբ և նախաձեռնողականությամբ: «Հայաստանում և Սերբիայում շախմատի հանդեպ մեծ սեր ու հետաքրքրություն է առկա: Ուրախ եմ, որ հայ-սերբական հարաբերությունների զարգացման գործում դիտարկում եք նոր շախմատային համագործակցության հնարավորությունները»,-նշեց Գլխավոր հանձնակատարը: Այնուհետ Զարեհ Սինանյանը ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, ծրագրերը և արդյունքները:
Անդրիա Յորգիչն ընդգծեց, որ կարևորում է հայ և սերբ ժողովուրդների բարեկամությունը, որի ամրապնդման գործում դերակատարություն կարող են ունենալ նաև շախմատային համատեղ միջոցառումները, որտեղ ակնկալում են նաև գրասենյակի աջակցությունը: Հյուրերը նշեցին նաև, որ «Borba» ամսագրում պարբերաբար անդրադառնում են Հայաստանի մշակութային ժառանգությանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը և մշտական կապ պահպանել համատեղ նախաձեռնությունների իրականացման համար: