Հանդիպում ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ
22 Օգոստոսի 2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի հետ:
Գլխավոր հանձնակատարը ողջունեց մեր հայրենակցին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը մշտապես աջակցել է իր երկրում բնակվող մեր հայրենակիցներին, որը մեկ անգամ ևս ապացուցում է մեր երկրների բարեկամական ամուր կապերի առկայությունը: Պատերազմով պայմանավորված՝ մեր հայրենակիցներից շատերը, ցավոք, լքել են Սիրիայում գտնվող իրենց տները, նրանց մի մասը հաստատվել է Հայաստանում: Այնուամենայնիվ, սիրիահայ համայնքը մինչ օրս ակտիվ է, աշխատում և արարում է, որին ականատես եղա մայիսին Հալեպ և Դամասկոս այցիս ընթացքում»,- նշեց Զարեհ Սինանյանը:
Դեսպանը իր հերթին շնորհակալություն հայտնեց Գլխավոր հանձնակատարին ընդունելության համար և հավելեց, որ ներկայումս Սիրիան կարևորում է Հայաստանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները: Հյուրը նաև ընդգծեց, որ երկու երկրների միջև գոյություն ունեցող պատմական կապերը և բազմաթիվ ոլորտներում համագործակցության օրինակները փաստում են ամուր հարաբերությունների մասին:
Հանդիպման ընթացքում քննարվեցին ՀՀ-ում Սիրիայից հայրենադարձվածներին հուզող խնդիրները, ինչպես նաև հագործակցության հարցերի լայն շրջանակ:
Դեսպանին ներկայացվեցին գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, դրանցում համայնքի ներգրավման հարցերը` մասնավորապես նշվեց սիրիահայ ուսանողների վարձավճարների, առողջապահական աջակցության տրամադրման ուղղված ծրագրերի անհրաժեշտության մասին:
Հանդիպման ավարտի դեսպան Նորա Արիսյան ողջունեց հոկտեմբերի վերջին կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: