Սփյուռքահայ 40 մասնագետներ ստացել են ՀՀ կառավարման համակարգում աշխատանքի ավարտական վկայականներ

06 Սեպտեմբերի 2022

Սփյուռքահայ 40 մասնագետներ ավարտել են ՀՀ կառավարման համակարգում աշխատանքը և ստացել  վկայականներ: Նրանք արդեն մեկ տարի հայրենիքում էին Հայաստանի պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրով: Ծրագրի հանդիսավոր փակմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, պետական ​​պաշտոնյաներ, ծրագրի մասնակիցների գործընկերները և այլք։ 14 երկրներից ժամանած հայ մասնագետներն աշխատել են ՀՀ 19 պետական ​​կառույցներում:

«իԳործ»-ի մասնակիցները ծրագրեր են իրականացրել հետևյալ ոլորտներում՝ գիտություն, էկոնոմիկա և ներդրումային քաղաքականություն, շրջակա միջավայրի պահպանություն, սոցիալական ապահովություն, հայրենադարձության աջակցություն և խթանում, սփյուռքի պարտատոմսերի պահանջարկի ուսումնասիրություն, թվային տնտեսության զարգացում և կրիպտոարժույթի վերաբերյալ հետազոտություն, հանրային ծառայությունների թվայնացում, ճանապարհային անվտանգությանն առնչվող ծրագրեր,  ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, կրթական համակարգ, առաջնային բուժօգնության ծառայությունների բարելավում, մարդու իրավունքների պաշտպանություն, կինոոլորտի զարգացում և այլն։

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում կարևորեց ծրագրի բաղադրիչները՝ մասնագիտական հայրենադարձություն, պետական համակարգում սփյուռքի ներգրավվածության ապահովում և ուղեղների ներհոսք: «Միայն այն հանգամանքը, որ արդեն երկու տարի «իԳործ»-ականների 70 տոկոսից ավելին մնում է Հայաստանում, խոսում է ծրագրի արդյունավետության մասին: Նրանց մի մասը մնում է պետական համակարգում, մի մասն էլ աշխատանքի է անցնում մասնավոր հատվածում»,-նշեց Զարեհ Սինանյանը:

Այնուհետ ելույթներ ունեցան ծրագրի մասնակիցներից մի քանիսը և նրանց ղեկավարները:  

իԳործ»-ը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին աշխատել Հայաստանի կառավարման ոլորտում և իրենց նպաստը բերել երկրի զարգացմանը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office