Նոր ծրագիր սփյուռքահայ մասնագետների համար

16 Հունվարի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանի հետ: Վերջինս ներկայացրել է կենտրոնի կողմից իրականացվող բարձր որակավորում ունեցող մասնագետներին աշխատավաձի և աշխատավարձին հավասարեցված վճարումների ծախսերի փոխհատուցման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին աշխատանքի անցնել Հայաստանի մասնավոր հատվածում, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ընկերությունների արտադրողականությունը:

«Այս ծրագիր աջակցում է ոչ միայն մասնագիտական հայրենադարձությանը, այլև փոխհատուցում տրամադրում սփյուռքահայ մասնագետներով համալրված մասնավոր ընկերություններին: Ծրագրին կարող են դիմել այն մասնագետները, որոնք վերջին 30 ամսից առնվազն 12-ը ապրել են Հայաստանի տարածքից դուրս, ավարտել են ծրագրին դիմելու տարում հրապարակված QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար 400) բուհերից որևէ մեկը և ստացել է բակալավրի, մագիստրոսի և/կամ ավելի բարձր գիտական աստիճան: Մասնագետները պետք է ունենան նաև նվազագույնը 10տարվա աշխատանքային փորձ հետևյալ վարկանիշային կամ ինդեքս թողարկող ընկերությունների կողմից թողարկված վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերություններում՝ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia»,-նշել է Հայկ Մարգարյանը:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել ծրագիրը և նշել, որ սա գրասենյակի կողմից իրականացվող ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի շարունակությունն է: 

Հանդիպման ընթացքում քննարկեցին  ծրագրի առանցքային կետերը, ոլորտային ընդգրկվածությունը և գրասենյակի հետ հետագա համագործակցության ուղղությունները: 

 

 

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office