Զարեհ Սինանյանի այցը Սանկտ Պետերբուրգ

30 Հունվարի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստանի Դաշնություն իր աշխատանքային այցի շրջանակներում հունվարի 27-30-ը Սանկտ Պետերբուրգում էր։

Գլխավոր հանձնակատարն այցելել է Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված «Ոչ՛ ցեղասպանությանը» ցուցահանդեսին։ Ներկա էին նաև Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար Մարիա Բաբայանը և Սանկտ Պետերբուրգի Տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը։

Նույն օրը հանդիպում է անցկացվել Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի ներկայացուցիչների և համայնքի ակտիվ երիտասարդների հետ։

Հանձնակատարը շնորհակալություն է հայտնել ասոցիացիային ցուցահանդեսի կազմակերպման համար, ապա ներկայացրել գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, պատասխանել երիտասարդների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի ներկա իրավիճակին, համայնքների ուսումնասիրությանը, կրթությանն ու մշակույթին, հանձնակատարների ինստիտուտին, տեղեկատվական պատերազմներին, արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին ու պետության կողմից նրանց աջակցությանը և այլն։

Հանդիպման շրջանակներում ներկայացվել է ռեժիսոր և լրագրող Գրիգորի Մոսեսովի «Խղճի և փաստերի լույսի ներքո. հայերը Բաքվում» գիրքը։

Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի նախագահի տեղակալ Աղասի Հակոբյանը ներկայացրել է ասոցիացիայի գործունեությունը։

Հանդիպման ավարտին հանձնակատարը շնորհակալագիր հանձնեց Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիային` ի դեմս նախագահ Արշակ Օգանեսյանի:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office