Գլխավոր հանձնակատարն այցելել է Ֆիլադելֆիա
25 Փետրվարի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի հայ համայնքի հետ։
Նա այցելել է Հայոց ցեղասպանության հուշարձան, այնուհետ հանդիպել «Armenian Heritage Walkway Project»-ի անդամների հետ: Նրանք այժմ աշխատում են հուշաարձանի շուրջ ճեմուղի ստեղծելու ուղղությամբ, որը կընդգծի Ֆիլադելֆիայում հայկական սփյուռքի դերը:
Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Սբ. Սահակ և Մեսորպ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Մարկոս Հայ Առաքելական եկեղեցիների հոգևոր առաջնորդների հետ: Հանդիպումից հետո Զարեհ Սինանյանն այցելել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
Հանդիպում է կայացել նաև Ֆիլադելֆիա քաղաքում գտնվող Հայ քույրերի վարժարանի ներկայացուցիչների հետ։ Կրթօջախն ունի նախակրթարանից մինչև ութերորդ դասարանի աշակերտների համար նախատեսված ծրագիր:
Ֆիլադելֆիա այցը եզրափակվել է համայնքային հանդիպմամբ, որին մասնակցել են մշակութային, քաղաքական, բարեգործական, մարզական, կրոնական և ուսանողական կազմակերպությունների անդամները։ Հանդիպմանը ներկա էին նաև Փրինսթոնի, Փենսիլվանիայի և Վիլանովայի համալսարանի հայ ուսանողներ:
Գլխավոր հանձնակատարն այցելել է ԱՄՆ քաղաքացիական պատերազմում կռված Խաչատուր Կարապետյանի գերեզմանին և ծանոթացել 1800-ականներին Ֆիլադելֆիայում հաստատված հայերի պատմությանը։