Բրազիլիա
Ըստ տարբեր աղբյուրների՝ հայերը Բրազիլիայում են հաստատվել 19-րդ դարի 80-ական թվականներից սկսած, երբ Կ. Պոլսից և Արևմտյան Հայաստանի գավառներից առանձին հայ ընտանիքներ հատեցին օվկիանոսն ու սկսեցին բնակվել Բրազիլիայի արևելյան շրջաններում: 1890-ական թթ. երկրորդ կեսին սուլթանական Թուրքիայում հայերի հանդեպ օր օրի սաստկացող հալածանքների և ջարդերի հետևանքով ակտիվացավ հայերի արտահոսքը դեպի այլ երկրներ՝ ընդհուպ մինչև Ամերիկյան մայրցամաք: Սակայն բրազիլահայ համայնքի կազմավորումն ընթացել է 1920-1926 թթ., երբ հայերի ստվար խմբեր (հիմնականում` Կիլիկիայից) բնակություն հաստատեցին առավելապես Սան Պաուլո քաղաքում:
Բրազիլահայ համայնքը համալրվել է նաև 1950-ական թթ. վերջին և 1960-ականի սկիզբին, երբ Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից, Եգիպտոսից և Ֆրանսիայից հայերի որոշ խմբեր տեղափոխվեցին Բրազիլիա և կենտրոնացան Սան Պաուլու, Ռիո դե Ժանեյրո, Պորտու Ալեգրե, Ֆորտալեզա քաղաքներում և այլ բնակավայրերում:
Ըստ տարբեր աղբյուրների և հետազոտությունների՝ Բրազիլիայում ներկայումս հայերի թիվը հաշվվում է մինչև 50 հազար:
Հայերն աչքի են ընկնում արդյունաբերության, առևտրի, ֆինանսաբանկային համակարգի, գիտության, կրթության, բժշկության, մշակույթի, քաղաքականության բնագավառներում։
Համայնքում գործում են հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, 1 վարժարան ու մանկապարտեզ, Սան Պաուլոյի համալսարանում՝ հայագիտության ամբիոն, ինչպես նաև կուսակցական, հայրենակցական, բարեգործական, մշակութային, կրթական, մարզական կառույցներ, կազմակերպություններ, միություններ, պարախմբեր, երգչախումբ և ռադիոժամ:
Բրազիլահայ համայնքը ղեկավարվում է իր կանոնադրությամբ (վավերացված բրազիլական կառավարության կողմից), համաձայն որի` ընտրվում է 40 հոգուց կազմված Ազգային ներկայացուցչական մարմին, որն իր հերթին ընտրում է Կենտրոնական վարչական խորհուրդ:
1970 թ.-ին տեղի հայ համայնքի և հայկական եկեղեցիների աջակցությամբ կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթող: Սան Պաուլոյում հրապարակ, կամուրջ և մետրոյի կայարան կրում են «Արմենիա» անունը: Սան Պաուլոյի Օրենսդրական ժողովի այգում տեղադրված է հայկական խաչքար:
Բրազիլիայի Սենատը 2015թ.-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: