Գարաբեդ Հակոփյան
Կրթություն
1971 - 1975թթ. սովորել է Թեհրանի պետական համալսարանի մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ֆակուլտետում՝ դառնալով այդ ուղղությամբ Իրանում առաջին շրջանավարտներից մեկը: Այդ ընթացքում մասնակցել է նաև համալսարանի հայագիտական ֆակուլտետի դասընթացներին:
1991-1995թթ. սովորել է Շվեդիայի Ուփսալայի համալսարանի համակարգչային գիտությունների բաժնում՝ ստանալով մագիստրոսի կոչում:
Ձեռք է բերել նաև կառավարման կանոնների մեխանիկա և ավտոմատացման մասնագիտություն:
Աշխատանքային գործունեություն
1995-2018թթ. աշխատել է շվեդական կրթական համակարգում որպես մաթեմատիկոս և համակարգչային գիտությունների մասնագետ: Մասնակցել է նաև մի շարք կրթական նախաձեռնությունների, որոնցից կարելի է նշել Ստոկհոլմի համալսարանի և Շվեդական ակադեմիայի կողմից ծրագրված եռամյա նախագիծը, ուր ստանձնել է մաթեմատիկական և համակարգչային բաժնի պատասխանատվությունը:
Լեզուների իմացություն
- Հայերեն (գերազանց)
- Իրաներեն (գերազանց)
- Շվեդերեն (գերազանց)
- Անգլերեն (գերազանց)
- Ֆրանսերեն (գերազանց)
Լրացուցիչ տեղեկատվություն
Մինչև 1986 թվականն ակտիվ մասնակցել է իրանահայ համայնքում ազգային հասարակական կառույցների բարեփոխման և ժողովրդավարականացման պրոցեսին: Եղել է Հայ մշակութային կազմակերպության հիմնադիր անդամ և կազմակերպության խոսնակը: Խմբագրել է Իսլամական հեղափոխությունից հետո առաջին ազատ հայկական «Նոր խոսք» երկլեզու երկշաբաթաթերթը, հրատարակել է նաև բազմաթիվ աշխատություններ:
15 տարի դասավանդել է հայկական դպրոցներում՝ պայքարելով դասագրքերի և կրթական համակարգի բարեփոխումների համար:
1986 թվականին ընտանիքով տեղափոխվել է Շվեդիա և առաջին օրերից լծվել է նոր կազմակերպվող համայնքի մշակութային և հասարակական կազմակերպման աշխատանքներին: Հիմնական նպատակը և գործունեության ուղղությունը եղել է համայնքի միասնականության և համերաշխության հաստատումը և զարգացումը:
1986թ.-ին Սանդվիքենում հիմնադրել է «Վանա» հայ մշակութային միությունը, որի անդամներն էին նաև շրջանի երկու այլ քաղաքների փոքրաթիվ հայերը:
1989-ին Սանդվիքենում կազմակերպել է Շվեդիայի հայերի առաջին համագումարը, որին մասնակցել են Ստոկհոլմի և մյուս քաղաքների հայկական միությունները, եկեղեցական խորհուրդները և անհատներ:
1990-ին տեղափոխվել է Ուփսալա քաղաք և անդամակցել է Ուփսալայի հայ մշակութային միությանը և որպես միության խորհրդի պատասխանատու 1991 թվականին գործընկերների հետ կազմակերպել է Շվեդիայի հայկական երկրորդ համագումարը, որի որոշումների արդյունքում կյանքի է կոչվել «Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնը»: Մին 2006 թվականը ղեկավարել է այդ կառույցը:
1993 թվականից մինչև 2006 թվականը հրատարակվել է հայերեն-շվեդերեն երկլեզու «Նոր Հորիզոն» պարբերականը, ուր ստանձնել է գլխավոր խմբագրի և հրատարակչության պատասխանատվությունը: Պարբերականը առաքվել է ավելի քան 30 երկրների հայկական համայնքներ:
1999թ.-ին մասնակցել է Հայաստան-Սփյուռք առաջին համահայկական համաժողովին՝ որպես Սկանդինավյան երկրների ներկայացուցիչ:
Երկար տարիներ Ուփսալայի հայկական շաբաթօրյա դպրոցում եղել է հայերեն դասավանդվող առարկաների ուսուցիչ, կազմել է դասագրքեր, բեմադրել է աշակերտական ներկայացումներ:
Գարաբեդ Հակոփյանը նաև գրող, բանաստեղծ և թարգմանիչ է:
2024 թվականին հայերենով լույս է տեսել նրա Java ծրագրավորման նախաձեռնություն 600 էջանոց ծավալուն գիրքը:
2022 թվականին Շվեդիայում նրա թարգմանությամբ շվեդերենով լույս է տեսել Սոնա Վանի «Լիբրետո Անապատի համար» բանաստեղծությունների ժողովածուն:
Հայ տպագրության 500-ամյակի առթիվ Հայաստանի գրողների միության հովանավորությամբ շվեդ գրող Սթիգ Լյունդսթրյոմի, Արծվի Բախչինյանի և Կարո Հակոբյանի թարգմանությամբ և խմբագրությամբ շվեդերենով հրատարակվում է «Արարատի շուքի ներքո» հայ ժամանակակից բանաստեղծությունների անթոլոգիան, որի մեջ ներառված են Հայաստանի և սփյուռքի 22 բանաստեղծների համառոտ կենսագրությունը և ստեղծագործություններից նմուշներ:
2000 թվականին լույս է տեսնում Սկանդինավիայում առաջին հայերեն բանաստեղծական «Գերված Սրտեր» ժողովածուն:
«Գարուն» ամսագրի համար հայերենի է թարգմանել շվեդական պոեզիայից հատընտիրներ: