Լուսինե Ղազարյան
Ծնվել և մեծացել եմ Հայաստանում: Ութ տարի է՝ բնակվում եմ Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում։ Ուսումս ստացել եմ Հայաստանում։ Ավարտել եմ Վալերի Բրուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը՝ բակալավրի և մագիստրոսի որակավորմամբ:
Ակտիվ մասնակցություն ունենալով եկեղեցական և համայնքային կյանքում՝ 2015թ․ նշանակվել եմ Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Եկեղեցասեր Երիտասարդաց Միության կենտրոնական գրասենյակի համակարգող, ներկայումս ատենապետն եմ։ Ավելի ուշ նշանակվել եմ Թեմի կայքի ադմինիստրատոր։ Այս ընթացքում զուգահեռաբար աշխատել եմ թեմական «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի «Արմատ» դահլիճում՝ որպես հնչունային ռեժիսոր և տեխնիկական օպերատոր, այնուհետև՝ դահլիճի պատասխանատու։
2016թ․ դիզայներ Գայանե Բայաթյանի հետ հիմնադրել ենք «BAYATYAN Fashion House»-ը։ 2021թ․ մեկնարկել ենք «Նորաձևությունը և ես» կրթական նախագիծը։ Ներկայումս կազմակերպությունն աշխատում է իր առաջին հավաքածուի ստեղծման վրա։
Այս տարիների ընթացքում աշխատել եմ տարբեր մասշտաբի միջոցառումների կազմակերպման և նախագծերի իրականացման վրա, ինչպես կրթամշակութային ու եկեղեցական, այնպես էլ ներթեմական և միջթեմական։ Դրանցից ցանկանում եմ առանձնացնել Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված նախագծերը, ՀԵՀԵՄ համաշխարհային և տարածաշրջանային համաժողովները, հայերենի ուսուցիչների մասնակցությամբ Թեմական և Համառուսական կրթական համաժողովները, Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի 20-ամյակին նվիրված միջոցառումները, Բարեշնորհ Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի մասնակցությամբ՝ «Վերադարձ արմատներին» և «Պարում ենք, իմ Հայրենիք» նախագծերը, Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ձևավորված կամավորական խմբի աշխատանքները։ Վերջինիս արդյունքում ստեղծվեց «TIR Group» նախագիծը, որն ուղղված է Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ հայկական արտադրության ապրանքների արտահանմանը և ֆինանսական ներդրումների ներգրավմանը։
Մասնակցելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին՝ դարձել եմ Կրասնոդարի ներկայացուցիչը:
Նորություններ ԵՎ հայտարարություններ
Տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակումը
30 Մայիսի 2022
Մայիսի 30-ին անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակման առցանց արարողությունը:
Ամբողջ նյութը