Սփյուռքի երիտասարդ դեսպան
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Մեկնարկ
25 Սեպտեմբերի 2022
Ավարտ
25 Օգոստոսի 2023
Նպատակ
Ստեղծել սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանց
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2022 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 8-ը կիրականացնի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը («Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում»)։
Այն նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի և Արցախի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանը՝ նոր գիտելիքների և հմտությունների փոխանցման ճանապարհով, նպաստել Սփյուռքի տարբեր համայնքները ներկայացնող երիտասարդների, նաև Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև կապերի ստեղծմանը:
Ծրագիրն ունի տեսական և գործնական բնույթ. ներառում է մի շարք դասախոսություններ, աշխատաժողովներ և հանդիպումներ: Երիտասարդները կայցելեն պետական, գիտակրթական, մշակութային, տեխնոլոգիական հաստատություններ, հիշատակի վայրեր, կմասնակցեն մշակութային միջոցառումների:
Ծրագիրը մեկամյա է. մասնակիցները Հայաստանում կգտնվեն շուրջ 2 շաբաթ. մնացյալ ժամանակահատվածը նախատեսված է իրենց բնակության երկրներում միջոցառումների իրականացման համար, ինչպես՝ համայնքային հանդիպումներ, մասնակիցների միջև միջհամայնքային աշխատանքների փորձի փոխանակման ձեռնարկներ, սոցիալական հարթակներում և լրատվական միջոցներում գրասենյակի, հայաստանյան այլ ծրագրերի վերաբերյալ հրապարակումներ և տեղեկատվական նախաձեռնություններ:
Ծրագրի լեզուն հայերենն է. այն հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագրեր։
Ծրագրի մասնակիցները հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, իրենց հաշվին ձեռք են բերելու ճամփորդության ապահովագրություն։
Ծրագրի շրջանակներում ապահովվում են մասնակիցների
- կեցությունն ու սնունդը Հայաստանում,
- մուտքը թանգարաններ, մշակութային և հասարակական վայրեր/հաստատություններ,
- ծրագրի հայաստանյան հատվածի շրջանակներում տեղափոխման ծախսերը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
Ծրագրի դիմորդները կարող են լինել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր`
- առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում,
- Սփյուռքի հայկական համայնքների ակտիվ և ներկայացուցչական անդամներ են,
- տիրապետում են հայերենին,
- ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել՝ համայնքում իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար,
- ունեն սոցիալական հարթակների կամ լրատվամիջոցների հետ աշխատանքի որոշակի փորձառություն (ցանկալի է)։
Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան դառնալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի անմիջական գործընկերները համայնքներում, ինչպես նաև իրենց ներգրավմամբ ընդլայնել Սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանցը:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Ծրագրի հայտադիմումների ընդունումն ավարտվել է: Դիմել են 60 սփյուռքահայ երիտասարդ ակտիվիստներ 20 երկրներից՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Իսպանիայից, Չեխիայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Սերբիայից, Ուկրաինայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և այլն:
2021-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
2021 թվականին 24 երկրից 104 սփյուռքահայ դիմեցին ծրագրին: Նրանցից ընտրվեց 20 մասնակից՝ 16 երկրից: Սփյուռքի երիտասարդ դեսպաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
2022-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
2022 թվականի ծրագրին կմասնակցի 20 երիտասարդ՝ 12 երկրից՝ ԱՄՆ, Հնդկաստան, ԱՄԷ, Գերմանիա, Բելգիա, Իսպանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Ռուսաստան, Սիրիա, Ղրղզստան: Սփյուռքի երիտասարդ դեսպաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել diaspora.youthambassador@gov.am էլեկտրոնային փոստի միջոցով: