Սփյուռքի երիտասարդ դեսպան
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Մեկնարկ
22 Սեպտեմբերի 2024
Ավարտ
15 Օգոստոսի 2025
Նպատակ
Ստեղծել սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանց
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակում է իրականացնել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը («Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում»), որին այս տարի կարող են մասնակցել ինչպես համայնքում ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած երիտասարդները:
Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի ձեռքբերման, փորձի փոխանակման ճանապարհով, նպաստել Հայաստանի և Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը:
Ծրագիրը մեկամյա է. ընդգրկում է 2024 թ. սեպտեմբեր-2025 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը և ընթանում է երկու փուլով:
Հայաստանում կանցկացվի տասնհինգօրյա դասընթաց` 2024 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը, մնացյալ ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում:
Հայաստանյան դասընթացի լեզուն հայերենն է։ Այն ունի տեսական և գործնական բնույթ։ Ներառում է դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հոգևոր կառույցներ և հիշատակի վայրեր, ՀՀ մարզեր:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մասնակիցները հոգում են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, իրենց հաշվին ձեռք են բերում ճամփորդական ապահովագրություն:
Կազմակերպիչներն ապահովում են նրանց կեցությունը, սնունդը, տեղափոխումը ծրագրի հայաստանյան հատվածի շրջանակներում, մուտքը նախատեսված վայրեր ու հաստատություններ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ֆինանսավորմամբ:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
I կատեգորիա
Սփյուռքահայ այն երիտասարդների համար, ովքեր ակտիվ գործունեություն ունեն համայնքում (1 տարուց ավելի)
Ծրագրին կարող են դիմել 20-35 տարեկան այն երիտասարդները, ովքեր՝
- առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում,
- տիրապետում են հայերենին (հասկանում և կարողանում են հաղորդակցվել),
- Սփյուռքի համայնքային և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ են կամ անդամներ, հոգևոր կառույցների ներկայացուցիչներ, համայնքի կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող անձինք,
- ունեն համայնքային ծրագրերի/միջոցառումների ղեկավարման և/կամ համակարգման փորձ։
Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան դառնալու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործընկերները համայնքներում և իրենց ներգրավմամբ կընդլայնեն Սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանցը:
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցը կստանա «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին մասնակցության հավաստագիր։
II կատեգորիա
Համայնքում իրենց գործունեությունը նոր սկսած սփյուռքահայ երիտասարդների համար (մինչև 1 տարի)
Ծրագրին կարող են դիմել 20-35 տարեկան այն երիտասարդները, ովքեր`
- առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում,
- տիրապետում են հայերենին (հասկանում և կարողանում են հաղորդակցվել),
- վերջին մեկ տարվա ընթացքում անդամակցում են համայնքային, երիտասարդական և հոգևոր կառույցներին,
- ցանկություն ունեն համայնքում իրականացնել իրենց սեփական նախաձեռնությունները և բարելավել իրենց համայնքային գործունեությունը,
- ունեն կամավորական աշխատանքի փորձ:
Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու այլ համայնքների փորձին ու գործունեությանը՝ ձեռք բերելով գործնական հմտություններ և գիտելիքներ համայնքային կյանքի տարբեր ոլորտներում ու աշխատանքներում արդյունավետ ներգրավվածության համար:
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակցին կտրվի Սփյուռքի երիտասարդ առաջնորդների պատրաստման ծրագրին մասնակցությունը հաստատող վկայական:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
2024-2025 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին մասնակցության շուրջ 100 հայտ է ստացվել 29 երկրից՝ Ավստրալիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Սլովակիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Լատվիայից, Լիտվայից, Շվեդիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, ԱՄԷ-ից, Իրանից, Սիրիայից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Չինաստանից և Հնդկաստանից: Առաջին անգամ հայտադիմումներ են ստացվել Սլովակիայից, Լիտվայից, Լատվիայից և Մոլդովայից:
Նախնական ընտրություն անցած դիմորդները հրավիրվելվել են առցանց հարցազրույցի: Ընտրվել է 30 մասնակից՝ 20 երկրից:
2021-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
2021 թվականի ծրագրին մասնակցեց 20 մասնակից՝ 16 երկրից՝ Կանադա, Արգենտինա, Երուսաղեմ, Լիբանան, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Նիդերլանդներ, Գերմանիա, Իսպանիա, Անգլիա, Ֆրանսիա, Շվեդիա, Բելգիա, Ավստրիա:
Սփյուռքի երիտասարդ դեսպաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
2022-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
2022 թվականի ծրագրին մասնակցեց 20 երիտասարդ՝ 12 երկրից՝ ԱՄՆ, Հնդկաստան, ԱՄԷ, Գերմանիա, Բելգիա, Իսպանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Ռուսաստան, Սիրիա, Ղրղզստան:
Սփյուռքի երիտասարդ դեսպաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
2023-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
2023 թվականի ծրագրին մասնակցեց 18 երիտասարդ՝ 8 երկրից՝ ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Բելգիա:
Սփյուռքի երիտասարդ դեսպաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։
2024-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
2024 թվականի ծրագրին մասնակցում է 28 երիտասարդ՝ 18 երկրից՝ Ավստրալիա, Գերմանիա, Ռումինիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չեխիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Լատվիա, Լիտվա, Շվեդիա, Նիդերլանդներ, Վրաստան, Բելառուս, Իրան, ՌԴ, ԱՄՆ, Չինաստան:
Սփյուռքի երիտասարդ դեսպաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել diaspora.youthambassador@gov.am էլեկտրոնային փոստի միջոցով: