Երիտասարդ առաջնորդների դպրոց
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Մեկնարկ
14 Հունիսի 2020
Ավարտ
01 Հուլիսի 2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իրականացնում է սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիրը:
Ծրագրի նպատակն է`
- նպաստել սփյուռքի համայնքներում երիտասարդական ներուժի առավել կազմակերպման ու համախմբման խնդրի լուծմանը, նրանցում առաջնորդի, համայնքների ղեկավարման կարողությունների և հմտությունների զարգացմանը,
- Սփյուռքի երիտասարդ առաջնորդների հետ քննարկել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, մարտահրավերներին, համազգային շահերի պաշտպանությանն ու անվտանգությանը, Հայաստան-սփյուռք գործակցության ամրապնդմանն ուղղված պետական քաղաքականության նոր մոտեցումներին և երիտասարդությանը հուզող խնդիրներին վերաբերող հարցեր,
- առաջարկել համայնքներում արդյունավետ կառավարման կառուցակարգերի ներդրման, երիտասարդների գործունեության ակտիվացման և Հայաստանի հետ կապերի ամրապնդման հնարավորություններ և այլն։
Ծրագրի ձևաչափը
Ծրագիրն ունի տեսական և գործնական բնույթ (դասախոսություններ, քննարկումներ, աշխատաժողովներ, այլ):
Ծրագրի լեզուն հայերենն է։
- Ծրագրի թեմատիկ ուղղությունները
- «Առաջնորդություն, կառավարում և հաղորդակցում»,
- «Ինքնություն»,
- «Հայաստան-Սփյուռք գործակցություն»,
- «Ազգային անվտանգության հիմնախնդիրներ»,
- «ՀՀ արտաքին քաղաքականություն»,
- «Օրակարգային հարցեր»,
Այլ:
Ծրագրի առաջին օրը մասնակիցները կընտրեն ավարտական (թիմային կամ անհատական) աշխատանքի թեմաներ (դրանք կարող են ներկայացվել մասնակցի նախընտրած լեզվով):
Ծրագրի ավարտին մասնակիցներին կհանձնվեն հավաստագրեր` ավարտական աշխատանքի արդյունքի հիման վրա, նաև հաշվի առնելով մասնակցի հաճախելիությունը ծրագրին:
Ծրագիրը ներառում է նաև այցելություններ պատմամշակութային և ժամանցային վայրեր, հանդիպումներ պետական, քաղաքական գործիչների հետ, մշակութային միջոցառումներ։
Մասնակցության պայմանները
Ծրագրին կարող են մասնակցել 22-35 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցող և օտարերկրյա քաղաքացիություն չունեցող, բայց տվյալ երկրում կեցության իրավունք ունեցողների) սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր՝
- նախկինում չեն մասնակցել «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների դասընթացին»,
- Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ են կամ դրանց ներկայացուցիչներ, համայնքային կառույցների երիտասարդ ներկայացուցիչներ[1],
- ակտիվ ներգրավվածություն ունեն ինչպես համայնքային կյանքում, այնպես էլ համահայկական ու միջազգային տարբեր ձեռնարկներում,
- վերապատրաստման դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները պատրաստ են ներդնել համայնքային խնդիրների լուծման գործում և իրենց գործունեությամբ նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Հայաստան ժամանման և մեկնման, ինչպես նաև ճամփորդական ապահովագրության ծախսերը հոգում է մասնակիցը[2], ծրագրի շրջանակներում կեցության և տեղափոխման ծախսերը` ՀՀ կառավարությունը։
[1] Յուրաքանչյուր կազմակերպություն և կառույց կարող է ներկայացնել առավելագույնը երկու երիտասարդ։
[2] Ճամփորդական ապահովագրության առկայությունը պարտադիր է:
Խնդրում ենք հաշվի առնել, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում տիրող իրավիճակով պայմանավորված՝ չի բացառվում, որ ծրագիրը ենթարկվի փոփոխությունների: Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք հետևել մեր լրահոսի թարմացումներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել՝
Համահայկական ծրագրերի վարչություն
Հեռ.` 010585601 (702), 060500830
Էլ. հասցե` diasporayoungleaders@gmail.com