Հայկ Ազիզբեկյանը նշանակվել է Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար

18 Հունվարի 2024

Սփյուռքի հայ համայնքներում շարունակվում է ներդրվել Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտը, որի շրջանակներում հունվարի 18-ին տեղի է ունեցել երկրորդ նշանակումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Ազիզբեկյանը նշանակվել է Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։

Միջազգային իրավաբան Հայկ Ազիզբեկյանը ծնվել է Երևանում, երկար տարիներ բնակվում է Նիդերլանդներում: Կրթություն է ստացել Լեյդենի և Հարվարդի համալսարաններում: «ԵՄ ներդրումային ծրագրեր Հայաստանում» կազմակերպության հիմնադիր-նախագահն է, «AHG JUSTITIA» իրավաբանական և ֆինանսական ընկերության հիմնադիրը:

Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրմամբ՝ ընդլայնվում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները:

Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաև աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը:

Առավել մանրամասն՝ http://diaspora.gov.am/hy/programs/40    

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office