ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՇԱԲԱԹՎԱ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
14 Հոկրեմբերի 2021
Բիզնես և աշխատանքային հնարավորություններ հայրենադարձների համար
Նորություններ և թարմացումներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (հոկտեմբերի 14, 2021) – Հոկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը «Բիզնես և աշխատանքային հնարավորություններ հայրենադարձների համար» թեմայով տեղեկատվական հանդիպում անցկացրեց: Հավաքի նպատակն էր հայրենադարձներին ներկայացնել Հայաստանում բիզնես ստեղծելու տարբերակներն ու ծանոթացնել այն գործատուների հետ, որոնք պատրաստակամ են ընդունել հայրենադարձ աշխատակիցների: Հայ օգնության ֆոնդի տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Էրիկ Բաղդասարյանը ներկայացրեց Լիբանանից, Սիրիայից, Հորդանանից և Իրաքից հայրենադարձների համար բիզնես հնարավորությունները, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) համակարգող Արման Վալեսյանը խոսեց «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում- IRTD» ծրագրի մասին, Sportion.am ընկերության հիմնադիր-տնօրեն Էմմա Թաշճեանը և Arctx նորագույն տեխնոլոգիաների ընկերության ծրագրերի պատասխանատու Մուշեղ Ասլիկյանը փոխանցեցին աշխատանքային առաջարկները: Մասնակցում էին հայրենադարձներ 10 երկրներից՝ Թուրքմենստանից, Լիբանանից, Թուրքիայից, Սիրիայից, Իսրայելից, Գերմանիայից, Ռուսաստանից, Նիդերլանդներից, Իրաքից և Իրանից:
Հայրենադարձության թեման սփյուռքի համայնքներում քննարկելու հանձնառություն ունեն նաև «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները: 16 երկրներից ժամանած 20 երիտասարդները ավարտեցին ծրագրի հայաստանյան երկշաբաթյա մասը՝ անցնելով տարաբնույթ դասընթացներ, այցելելով Արցախ և ունենալով կարևոր հանդիպումներ: Ծրագրի մասնակիցները համայնքներում կկազմակերպեն տեղեկատվական արշավներ, հանդիպումներ և քննարկումներ մինչ 2022 թվականի մայիսի ավարտ:
Սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավումը Հայաստանի և Արցախի պետական կառավարման համակարգին ևս շարունակվում է: Սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2021 ծրագրով Արցախի պետական նախարարի աշխատակազմում աշխատանքի է անցել կիպրահայ Հակոբ Իփդջյանը, իսկ ռուսաստանահայ Կարինե Աթաբեկյանը միացել է Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին: Այժմ Հայաստանում են 20 երկրներից ժամանած 40 նոր մասնագետներ:
Ոչ միայն մասնագիտորեն, այլև բարեգործական հիմունքներով սփյուռքի կազմակերպությունները շարունակում են աջակցել հայրենիքին: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղեկցությամբ այցելեց հայ-ֆրանսիական «Բարձրունք 5165» բարեգործական կազմակերպություն, որը գտնվում է Վաղարշապատ քաղաքում: Կազմակերպության ղեկավար Լուսինե Մելիքյանը ծանոթացրեց հյուրերին իրենց գործունեությանը և ցույց տվեց ատամնաբուժական կլինիկան, որտեղ աշխատում են քաղաքի երիտասարդ մասնագետները: Կլինիկան անվճար ծառայություններ է մատուցում Վաղարշապատի բնակիչներին և հիմնադրվել է «Բարձրունք 5165»-ի կողմից՝ Բուշ-դյու-Ռոնի նահանգային խորհրդի ֆինանսական աջակցությամբ: Հանձնակատարն ընդունեց նաև Ֆրանսիայի Պլեսիս-Ռոբինսոն քաղաքի փոխքաղաքապետ Կորին Դուգերին: Կարևորվեց տեղի «Նուռ» հայկական միության և համանուն դպրոցի աշխատանքը հատկապես հայապահպանության գործում: Ի դեպ, միության և դպրոցի ղեկավար Սոնա Սուրեկեն Սունգուլյանը մեր գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ներկայացուցիչն է Ֆրանսիայում: